Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Մենին պարտվեց, սակայն աշխարհն առանց նրա չի կարող

Մենին պարտվեց, սակայն  աշխարհն առանց նրա չի կարող
12.06.2012 | 00:06

«Անհավանական է: Պակեաո-Բրեդլի մարտը հերթական կեղտահետքն է բռնցքամարտի հեղինակության վրա: Սա ավելի վատ է, քան Հոլիֆիլդի հետ իմ մարտը, որն ավարտվեց ոչ-ոքի: Լավ, գուցե ավելի վատ չէ, սակայն բոլոր դեպքերում, շատ վատն է մրցավարների որոշումը»,- այս մենամարտի առնչությամբ Twitter-ի իր էջում գրել է գերծանրքաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Լենոքս Լյուիսը: «Մրցավարներն իրենց ողջ հմայքի մեջ են: Դուք, ի՞նչ է, ծիծաղո՞ւմ եք մեզ վրա: Սա պարզապես գարշելի է»,- երկրորդում է UFC-ի նախագահ Դանա ՈՒայթը: Այս երկու կարծիքը ծովից վերցրած կաթիլ է` ընդամենը գոնե մասամբ սիրտ հովացնող, որովհետև աշխարհում մարդուն ամենաշատը հունից հանողը անարդարությունն է: Լույս կիրակին համաշխարհային պրոֆեսիոնալ բռնցքամարտի կենդանի լեգենդ Մենի Պակեաոն դեռ շատ կհիշի ու կհիշի որպես իր կյանքի ծանր մղձավանջ, որքան էլ նա տիբեթյան ուսյալների մոտ դասընթացներ անցած մարդ է: Պատճառը բնավ էլ այն չէ, որ նա կրեց իր կյանքի վերջին յոթ տարվա առաջին պարտությունը: Մնացած երկուսը (ասենք, այս մեկն էլ) այնքան վաղուց են եղել, որ կարելի է նույնիսկ չհավատալ դրանց գոյությանը:
Իհարկե, նրա մրցակից Թիմոթի Բրեդլիին բռնցքամարտի աշխարհում նորեկ չես համարի, ինչպես փորձում են ներկայացնել որոշ լրատվամիջոցներ: Նրան այդպես անվանողները կա՛մ տեղյակ չեն այդ տղայից, կա՛մ էլ պարզապես իրենց չունեցած քաշին են ուզում կշիռ տալ: Երկու դեպքում էլ, ինչով էլ առաջնորդվեն, միևնույն է, ճշմարտությունն է տուժողը, ինչն ինքնին արդեն վատ է:
Պակեաոյի այդ օրվա մրցակիցը եթե անհայտ մեկն էլ էր, ապա անհայտ մեկն էր ընդամենն իր համար այս նոր` կիսամիջին քաշային կարգում: Իսկ ընդհանրապես նա աշխարհի չեմպիոն է, WBO վարկածով չեմպիոնական գոտին քանիցս պատվով պահպանած բռնցքամարտիկ, ինչն արդեն իսկ շատ լուրջ բանի վկայություն է: Սակայն այսքանով հանդերձ, Պակեաոյին ձեռնոց նետելն առնվազն խելահեղություն էր, կրակի հետ խաղալու պես բան:
Չափազանցո՞ւմ ենք: Ոչ: Եվ սա միայն մեր կարծիքը չէ: Մենք չափազանց փոքր ածու ենք բռնցքամարտը հասկացող մարդկանց կոհորտայում, իսկ նրանք, հավատացեք, անհամեմատ ավելի շատ բան գիտեն, քան մեզնից յուրաքանչյուրը:
Բայց այս դեպքում Բրեդլիի հաղթանակը ինչպե՞ս հասկանանք:
Շատ պարզ, ու դրա համար առանձնապես լարվել պետք չէ: Աշխարհը հոգնել է Մենիի անհաղթ լինելուց, իսկ մարդիկ, ովքեր պատրաստ են մութ գործարքների, միշտ էլ կգտնվեն: Նրանք հենց դրա համար են այս կյանքի բաղկացուցիչ մասը կազմելու իրավունք ստացել: Այդ մարդիկ եղան խաղի մրցավարներից երկուսը, որոնց արձակած վճռից ամենից շատ ու ամենից շուտ զարմացավ ինքը` Թիմոթի Բրեդլին, ով մրցակցի հուժկու ճնշման տակ իր երիտասարդական ավյունը (նա քսանութ տարեկան է և Պակեաոյից փոքր է ամբողջ հինգ տարով) կորցրեց մրցամարտի արդեն կեսին: Սակայն սա էլ այդքան էական չէ: Ավյունը` ոչինչ: Բրեդլին արդեն իսկ առաջին կեսում մոլորվել էր ինչն ինչպես անելու անկարողության գիտակցումից, մինչդեռ ահեղ մրցակիցը ռմբահարում էր ու ռմբահարում:
Այս դեպքում ինչո՞ւ Պակեաոն մարտը չավարտեց նոկաուտով:
Դժվար հարց եք տալիս և, բացի դրանից, երևի ուշադիր չեղաք վերն ասածը փութկոտ կարդալիս: Ասացինք, չէ՞, որ Բրեդլին երեկվա տղա չէ և հատուկ այս մարտի համար ահռելի նախապատրաստական փուլ էր անցել, որն իր մեջ շատ գումարելիներ է պարունակում, այդ թվում և` դիմադրողականությունը հատուկ բարձրացնելու: Չմանրամասնենք:
Պարտությունն ինչպես ընդունեց ֆիլիպինցի՞ն:
Փիլիսոփայական հանդարտությամբ: Այն նույն ժպիտով, ինչը գծագրված էր նրա դեմքին մարտի առանձին հատվածներում, երբ Բրեդլիի հուժկու գրոհները նմանվում էին ափին անզոր զարկվող օվկիանոսի ալիքների:
Լսածը կամ ընթերցածը լավ չընկալած մարդու նման կարող եք ինքներդ ձեզ ճշտելու պես հարցնել` իսկապե՞ս ժպտում էր ֆիլիպինցին:
Այո, ժպտում էր, և այդ ժպիտի աստառն էր ամենախորհրդանշականը: Պակեաոն մեծ ճանապարհ անցած մարդ է` հասկանալու համար, թե որքան դժվար է, չլինելով ամերիկացի, Ամերիկայում լինել հաղթող: Այն էլ` տևական ժամանակ: Իսկ Ամերիկան, որքան էլ ազատ ու արդար, որքան էլ դեմոկրատ ու հավասարապաշտ, այնուամենայնիվ, պարտություններ չի հանդուրժում: Նա ամեն ինչում սիրում է կարգ ու կանոն: Սակայն` իր թելադրած կարգ ու կանոնը: Նա կարող է ընդամենը հանդուրժել: Ընդ որում` ժամանակավորապես: Ավելին նա չի կարող անել: Անցյալից օրինակներ զուր չվկայակոչեմ, միևնույն է, դուք դրանք ինձնից լավ գիտեք:
Մենին պարտվեց: Նրա պարտության գինը քսանվեց միլիոնն էր` ընդդեմ իրեն հաղթածի հինգի: Նախամրցումային մամլո ասուլիսի ժամանակ Բրեդլին ասել էր, որ իր հաղթելու դեպքում (ուշադրություն դարձրեք խոսքի մեջ եղած պայմանականությանը) արդեն այս տարեվերջին Պակեաոյին ռևանշի հնարավորություն կտա: Կապրենք մինչև դեկտեմբեր, ու կտեսնեք, որ այն ժամանակ էլ Պակեաոյի հոնորարն ավելի մեծ կլինի, քան չեմպիոնինը: Այս անգամ գոնե չհարցնեք` ինչո՞ւ: Ախր ինքներդ էլ ինձնից լավ գիտեք, որ Ամերիկան փողի երկիր է: Այն այլ կերպ չի կարող զգալ իրեն: Եթե Ամերիկան իր հռչակավոր «կանաչը» շրջանառության մեջ դնելու տեղ էլ չունենա, հավատացեք, աջ գրպանից ձախ գրպանը կդնի, որ, որքան էլ թվացյալ, այդուհանդերձ շարժ արձանագրի:
Ախր այդ մատչ-ռևանշի ժամանակ որպես ի՞նչ է ներկայանալու Բրեդլին:
Որպես աշխարհի չեմպիո՞ն: Քիչ է:
Որպես Մենիին հաղթած բռնցքամարտի՞կ: Ավելի՛ քան քիչ է: Ինչ` ինչ, մարդկային հիշողությունն այնքան էլ հատվածական չէ, այն կարելի է ծրարել գանգատուփ կոչվածի բավիղներում, սակայն իսպառ մոռացության մատնելն անհնար է: Հավատացեք, հակառակը պնդողները պարզապես կեղծում են իրենց:
Մատչ-ռևանշը կազմակերպելու համար Ամերիկան ինքն է փնտրելու Պակեաոյին, որովհետև Մենին վաղո՜ւց բռնցքամարտիկ չէ: Նա աշխարհի համար վեր է իր անձի այդքան պարզունակ ընկալումից: Պակեաոն բրենդ է: Իսկ այդ բրենդի վրա դրոշմակնքված է վեց տարբեր քաշային կարգերում աշխարհի չեմպիոնի պիտակը (բռնցքամարտի պատմությունը չի ճանաչում նման երկրորդ մարզիկի), այդ նրան են ճանաչում բոլոր քաշային կարգերի չեմպիոնների չեմպիոն:
Հարցե՞ր:
Ամերիկան գիտի կուռքեր կործանել: Սակայն Ամերիկան գիտի նաև իսկական մեծությունների գինը:
Պարադոքսա՞լ է հնչում:
Եթե այս կարծիքին եք, կնշանակի` վերն ասած ամեն ինչն իզուր էր:
Հ. Գ.- Եվ, այնուամենայնիվ, այդ մատչ-ռևանշը կարող է չկայանալ: Որ դեպքո՞ւմ: Իհարկե, Պակեաոյի չցանկանալու: Նա այնքան հանրաճանաչ մարդ է, այնքան բազմակողմանի զարգացած ու կիրթ, որ, կարծիք կա, եթե թեկնածությունը դնի հարազատ երկրի նախագահական ընտրություններում, կհաղթի միանշանակ (Մենին արդեն իսկ ակնարկել է քաղաքականություն մտնելու վերաբերյալ): Իսկ, ընդհանրապես, միշտ էլ ինչ-որ մի բան սկզբի հետ վերջ էլ է ունենում: Խնդիրն այստեղ այն է, թե բռնցքամարտի նկատմամբ պաշտամունքը նրա մեջ ե՛րբ տեղատվություն կապրի: Այն բռնցքամարտի, հանուն որի նա տասներկու տարեկանում փախավ ընտանեկան հարկից, որովհետև մայրը դեմ էր որդու նախասիրությանն ու ամեն կերպ փորձում էր արգելքներ դնել:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4526

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ